Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ
գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում
տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել
կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (
1944),
Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին,
սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։
Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող
ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։
Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի
հեղինակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման»,
«Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու
կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց
կատարողներից են՝ Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը,
Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։
Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան
«Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝
149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական
պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ Նկարահանվում է կինոյում՝ «Գլուխը
պատին» (1958),
«Կրակեք դաշնակահարի վրա»
(1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։
Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում
Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք
ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։
Դստեր՝
Սեդա Ազնավուրի
հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988-ի սպիտակյան
ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին»
բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է
ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։
Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում
Երևանի հրապարակներից մեկը։
2009թ. մայիսի 4-ից` Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային
կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ,
2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: