30-րդ Օլիմպիական խաղերում ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանից սպասում էինք
միայն ոսկե մեդալ: Տիգրանը Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն է,
աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, սակայն լոնդոնյան Խաղերից մի քանի օր առաջ
հայտնի դարձավ, որ Տիգրանը վնասվածք է ստացել եւ չի կարող մասնակցել
քառամյակի գլխավոր մեկնարկին:
Վնասվածքից հետո իր առաջին հարցազրույցը Տիգրան Մարտիրոսյանը տվեց
NEWS.am Sport-ին:
Տիգրան, Օլիմպիական ոսկու մեր գլխավոր հույսն էիր: Վնասվածք ստացար եւ չէիր շփվում մամուլի հետ: Ինչպե՞ս ստացար վնասվածքդ:Ցանկացած
մարզիկի ամենամեծ երազանքը Օլիմպիական խաղերին մասնակցելն է: Այս տարի ես
շատ լուրջ էի տրամադրված: Բուժել էի բոլոր վնասվածքներս: Ճիշտ մարզվում էի:
Ամեն բան շատ լավ էր ընթանում: Ես արդեն չորս տարի է, ինչ փոխել եմ
քաշային կարգս: Եվ այս կարգում ինձ լավ եմ զգում: Թող մեծամտություն չթվա,
բայց այսպիսի լավ մարզավիճակում ես դեռ չէի եղել, նույնիսկ Անթալիայում`
աշխարհի առաջնության ժամանակ: Մրցումներից մեկ ամիս առաջ մեջքիս հատվածում
սկսեցի ցավեր զգալ, ու գնալով ցավը խորացավ: Պոդոլսկում` հավաքի ժամանակ,
հասկացա, որ չեմ կարող մասնակցել Օլիմպիադային: Հավաքից հետո վերադարձա
Հայաստան: Միայն ես գիտեմ, թե ինչ զրկանքներ եմ ունեցել Խաղերին
նախապատրաստվելիս: Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ էի զգում եւ ինչ
ապրումներ ունեի: Եթե դա լինեին աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունները՝
այդքան ծանր չէի տանի:
Երբ վերադարձար Հայաստան, ինչպե՞ս դուրս եկար այդ ծանր հոգեվիճակից:Երբ
ինձ վատ եմ զգում, կամ խորը սթրես եմ տանում, ես աշխատում եմ ցրվել,
զբաղեցնել ինձ ինչ-որ բանով, մենակ չմնալ։ Այս անգամ հավատացեք ընկերներս
ու բարեկամներս ցանկանում էին օգնել, բայց ես ցանկանում էի մենակ մնալ: Մի
քանի օր է, ինչ վերադարձել եմ իմ առօրյա կյանքին:
Ի՞նչ կասես դոպինգ-թեսթի մասին խոսակցություններին:Ես
լսել եմ այդ խոսակցությունները, թե իբր չեմ հասցրել պատրաստվել
դոպինգ-թեսթից առաջ: Անգամ լսել եմ, թե ես վախեցել եմ չինացիներից, եւ
իմանալով, որ չեմ հաղթի՝ չեմ մասնակցել: Ասեմ, որ իմ չմասնակցելու միակ
պատճառը վնասվածքս էր:
Ինչո՞ւ մենք կորցրեցինք քո Օլիմպիական ուղեգիրը եւ չհայտավորեցինք պահեստային մարզիկի:Մենք
մեկնել էինք Պոդոլսկ հինգ մարզիկներով: Եթե մեկը վնասվածք ստանար՝
ունենայինք փոխարինող ծանրորդ: Իմ վնասվածքից հետո մենք չհասցրեցինք
վերջնական տվյալներ ներկայացնել եւ ուշացանք, քանի օր Խաղերից միայն մի
քանի օր առաջ պարզ դարձավ, որ ես չեմ մասնակցի:
Երբ դիտում էիր քո քաշային կարգի մրցումները, ի՞նչ էիր մտածում։ Կարո՞ղ էիր հաղթել չեմպիոնին:Ես
նրան ե'ւ հաղթել եմ, ե'ւ պարտվել: Այսպես ասեմ՝ միջազգային մրցումների
ժամանակ այն քաշը, որ ես բարձրացրել եմ առաջին մոտեցման ժամանակ այս Խաղերի
ժամանակ ինձ կբերեր արծաթե մեդալ: Կարծում եմ, եթե կարողանայի օգտագործել
հնարավորություններս՝ կդառնայի չեմպիոն: Օլիմպիական խաղերից առաջ ես իմ
լավագույն մարզավիճակում էի:
Ինչպե՞ս կգնահատես հայ ծանրորդների ելույթներն Օլիմպիական խաղերում:Ես
հետեւել եմ բոլորի ելույթներին թե' ծանրորդների, թե' մյուսների: Այս տարի
ծանրամարտում անհաջողությունները շատ էին եւ հենց առաջինն իմ դեպքն էր: Շատ
ուրախալի է, որ Հռիփսիմե Խուրշուդյանը կարողացավ լավ մասնակցել: Շատ
ուրախ եմ նրա համար: Շնորհավորում եմ մեր մեդալակիրներին: Ցանկանում եմ, որ
Արսեն Ջուլֆալակայնը եւ Արթուր Ալեքսանյանը հաջորդ Խաղերում արդեն առաջին
տեղ գրավեն:
Շատ մարզիկների մոտ զգացվում էր հոգեբանական ոչ
բավարար պատրաստվածությունը եւ ավելորդ լարվածությունը: Հոգեբաններ ձեզ
հետ անհատապես աշխատե՞լ են։ Ես չեմ մարզվել հոգեբանների
հետ: Իմ վաղամեռիկ մարզիչ Աշոտ Մխիթարյանը` Հայաստանի հավաքականի գլխավոր
մարզիչը, իմ ամենալավ հոգեբանն էր: Այժմ մարզիչները փորձում են լրացնել
նրա տեղը: Իսկ առանձին հոգեբաններ չկան: Մրցումներին նախապատրաստվելը
սկսվում է յոթ ամիս շուտ: Եթե լավ ես պատրաստվում ու ճիշտ պլանավորում
ամեն ինչ, ապա լավ մարզավիճակում ես լինում: Կոնկրետ ինձ մոտ, որքան
մոտենում են մրցման օրերը, այնքան ես ինձ ավելի վստահ եմ զգում: Ինձ համար
մրցումները տոն են: Եթե վնասվածքներ ու խնդիրներ չկան, հոգեբանորեն
խնդիրներ պետք է չլինեն:
Աշոտ Մխիթարյանի մահից հետո
հայկական ծանրամարտը այլեւս այն հզորությունը չունի: Ի՞նչ
յուրահատկություններ ուներ նա, որ այժմ պակասում է:Իսկապես,
Աշոտ Մխիթարյանը այլ կարգի մարզիչ էր: Նրա պակասը շատ է զգացվում: Մենք
ունենք լավ մարզիչներ, բայց մեր հավաքականի վերելքը սկսվեց Մխիթարյանի
գալով: Նա ուներ մեծ փորձ, բոլորին լավ ճանաչում էր: Նա լավ մանկավարժ էր
ու ամեն մարզիկին յուրովի էր վերաբերվում:
Ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում:Վնասվածքս
այդքան լուրջ չէ, որքան նախորդ անգամ: Շուտով կսկսեմ բուժվել եւ կարող եմ
հստակ ասել, որ մյուս տարի կկարողանամ մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի
առաջնություններին։
Իսկ սպորտից բացի ի՞նչ նպատակներ ունես: Պատրաստվում ես տեղափոխվել Երեւան:Այո,
Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ինձ տուն էր նվիրել
Երեւանում: Ուզում եմ տեղափոխվել Երեւան եւ համատեղել մարզումներս այստեղ
եւ Գյումրիում: Առաջիկա նպատակս մյուս Օլիմպիական խաղերին պատրաստվելը
կլինի: Սիրած աղջիկ չունեմ: Չեմ բացառում, որ կարող է սիրահարվեմ, բայց
ընտանիք կցանկանամ կազմել միայն Օլիմպիական խաղերից հետո:
Իսկ սիրած աղջիկ ունենալն օգնո՞ւմ է, թե՞ խանգարում է մարզիկին:Սիրած
աղջիկը պետք է շատ հասկացող լինի, որպեսզի ամեն բան լավ լինի: Նա պետք է
ըմբռնումով մոտենա, որ ես շատ ժամանակ եմ հատկացնում մարզումներին, իսկ
ամուսնությունը կարծում եմ կխանգարի ինձ սպորտում:
Շնորհակալություն զրույցի համար:Ես էլ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել NEWS.am-ին հայկական սպորտն այսքան օպերատիվ լուսաբանելու համար: